ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Ֆինլանդիայում

23 Սեպտեմբերի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Ֆինլանդիայում։

Աշխատանքային այցի շրջանակներում Հելսինկի քաղաքում Գլխավոր հանձնակատարն այցելել է Հելսինկիի հայկական «Գիտունիկ» մեկօրյա դպրոց, որտեղ հանդիպել է դպրոցի ղեկավար կազմի և մանկավարժների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքային կրթական նախաձեռնությունները, հայոց լեզվի պահպանման մարտահրավերներն ու հնարավորությունները։ Զարեհ Սինանյանը նաև շրջայց է կատարել դպրոցի տարածքում՝ ծանոթանալով դասընթացների իրականացման պայմաններին։

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին և համայնքի ներկայացուցիչներին՝ սերնդեսերունդ ազգային ինքնության պահպանման գործում դրսևորած նվիրումի և հետևողական աշխատանքի համար։

Սեպտեմբերի 21-ին Զարեհ Սինանյանը մասնակցել է Ֆինլանդիայի հայ համայնքի և Ֆինլանդիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Դանիել Դավթյանի նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել շնորհավորական և ողջույնի խոսքով՝ ընդգծելով անկախության և պետականության կարևորությունը։

Միջոցառման ավարտից հետո Գլխավոր հանձնակատարը հանդիպել է համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը՝ առանձնահատուկ կարևորելով հայրենադարձության խթանման, սփյուռքի ներուժի ներգրավման և Հայաստան–Սփյուռք համագործակցության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Հանդիպման ավարտին Զարեհ Սինանյանը հավաստագրեր է հանձնել սփյուռքահայ երիտասարդներին՝ սպորտի ոլորտում արձանագրած ձեռքբերումների և հաջողությունների համար։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office