«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը իրականացվում է արդեն հինգերորդ անգամ
23 Սեպտեմբերի 2025
Սեպտեմբերի 22-ին Երևանում մեկարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը, որն իրականացվում է արդեն հինգերորդ անգամ։
Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, գործնական նոր կապերի ձեռքբերման, փորձի փոխանակման ճանապարհով, նպաստել Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը։
Այս տարի ծրագրին մասնակցում է 27 սփյուռքահայ երիտասարդ 14 երկրից՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից, Էստոնիայից և Կանադայից:
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես են եկել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մուշեղ Ղուկասյանը, ծրագրի ղեկավար Լիլիթ Խաչատրյանը և Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ղեկավար Հովհաննես Ալեքսանյանը։
Այս տարվա ծրագրի շրջանակում գրասենյակը նոր համագործակցություն կսկսի նախորդ տարվա ֆրանսիայի մասնակիցներ Սիլվա Սահակյանի և Պետրոս Աստուրյանի հետ։ Բացման ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Սիլվա Սահակյանը։
Ծրագրի շրջանակում մասնակիցները կանցկացնեն 13 օր Հայաստանում՝ մասնակցելով հատուկ մշակված դասընթացի, որը ներառում է տեսական և գործնական բաղադրիչներ՝ դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ և փորձի փոխանակման միջոցառումներ։
Երիտասարդները կայցելեն նաև պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ինչպես նաև ՀՀ մարզեր։
Դասընթացից հետո մեկ տարի շարունակ յուրաքանչյուր մասնակից իր համայնքում կիրականացնի ծրագրով նախատեսված աշխատանքներ։