ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները, շարունակելով իրենց 13-օրյա դասընթացը Հայաստանում
25 Սեպտեմբերի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցները, շարունակելով իրենց 13-օրյա դասընթացը Հայաստանում, ծրագրի երրորդ օրը մեկնարկել են ծրագրի ղեկավար Լիլիթ Խաչատրյանի հետ հանդիպում-քննարկմամբ, որի շրջանակներում ներկայացվել է Գրասենյակի ծրագրերն ու «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի համայնքային աշխատանքների փուլի մանրամասները։
Ծրագրի մանրամասները քննարկելուց հետո մասնակիցներն այցելել են «Դեպի Հայք» հիմնադրամ («Birthright Armenia»), որտեղ «Կամավորությունը՝ համայնքային աշխատանքի կարևոր պայման. ինչպես ներգրավել մարդկանց» թեմայով քննարկում են ունեցել հիմնադրամի տնօրեն Սևան Կաբակյանի հետ ։ Քննարկման ընթացքում ներկայացվել է կամավորության դերը՝ որպես համայնքային աշխատանքի կարևոր բաղադրիչ, ինչպես նաև դրա կիրառման ձևերը երիտասարդների ներգրավման գործընթացում։
Այնուհետև մասնակիցները հանդիպել են Հայ կամավորների միության (Armenian Volunteer Corps, AVC) գործադիր տնօրեն Արինա Զոհրաբյանի հետ և ծանոթացել կազմակերպության գործունեությանը։ Հանդիպումից հետո երիտասարդ դեսպանները հնարավորություն են ունեցել շփվելու և փորձի փոխանակում կատարելու «Դեպի Հայք» հիմնադրամի և Հայ կամավորների միության ծրագրերով Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդների հետ։
Կրթական ծրագրի շրջանակում երիտասարդները մասնակցել են նաև «Համագործակցություն Հայաստանի և այլ երկրների միջև նորարարության և ձեռներեցության ոլորտում» թեմայով դասախոսության, որը վարել է ԱՅ ՍԻ Հայաստանյան ազգային կոմիտեի գործադիր խորհրդի անդամ և Առևտրի ու ներդրումային հանձնաժողովի նախագահ Հայկ Մարգարյանը։
Օրվա ավարտին երիտասարդ դեսպանները այցելել են Ալեքսանդր Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որտեղ դիտել են «Անուշ» օպերան։