ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Շվեդիայում
25 Սեպտեմբերի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Շվեդիայում։
Աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատարն այցելել է Շվեդիայի խորհրդարան (Ռիկստագ), որտեղ հանդիպել է Շվեդիայի դեմոկրատների խմբակցության անդամների՝ Բյորն Օլոֆ Սյոդերի (Björn Olof Söder), Մարկուս Վիխելի (Markus Wiechel), Արին Կարապետի, Յուսուֆ Այդինի (Yusuf Aydin) և այլ ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդումը՝ պայմանավորված սփյուռքի աշխարհաքաղաքական կառուցվածքով, պատմական անցյալով և աշխարհագրական տարածվածությամբ։ Զարեհ Սինանյանը ներկայացրել է նաև Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի դերն ու նշանակման կարգը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով համայնքային աշխատանքի արդյունավետության ապահովման կարևորությունը։
Այցի շրջանակում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ու պատգամավոր Արին Կարապետը շրջել են Շվեդիայի խորհրդարանում՝ ծանոթանալով Ռիկստագի կառուցվածքին և աշխատանքային գործընթացներին։
Աշխատանքային այցի ընթացքում Ուփսալայում և Գոտենբուրգում Զարեհ Սինանյանը հանդիպումներ է ունեցել նաև շվեդահայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումները կայացել են Շվեդիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Կարո Հակոբյանի նախաձեռնությամբ։
Զարեհ Սինանյանը ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու առաջնահերթությունները՝ շեշտադրելով համայնքների հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը։
Հանդիպումների ընթացքում համայնքի անդամները բարձրացրել են մի շարք հարցեր, այդ թվում՝ պարտադիր զինվորական ծառայության, հայրենադրաձության և համայնքային միավորող կենտրոն ստեղծելու հնարավորությունների վերաբերյալ։
Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել համայնքի անդամներին ակտիվ մասնակցության և հետաքրքրության համար՝ ընդգծելով, որ նման ձևաչափով հանդիպումները նպաստում են երկխոսությանը և հնարավորություն են ստեղծում ավելի արդյունավետ կերպով լուծել համայնքային խնդիրները։