ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Դանիայում

29 Սեպտեմբերի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Դանիայում։

Աշխատանքային այցի շրջանակներում Բրոնդբի համայնքում Զարեհ Սինանյանը հանդիպել է համայնքի ավագանի, Դանիայի Սոցիալիստական ժողովրդական կուսակցության անդամ, Սոցիալական և առողջապահական հանձնաժողովի նախագահ Հայկ Զանազանեանի (Hajg Zanazanian) հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համայնքային կառավարման առանձնահատկությունները, սոցիալական և առողջապահական ոլորտում առկա փորձը, ինչպես նաև համայնքային կյանքի զարգացմանն ուղղված ծրագրերն ու տեղի հայ համայնքի ներգրավման հնարավորությունները։

Գլխավոր հանձնակատարը և Հայկ Զանազանեանը շրջայց են կատարել համայնքապետարանի շենքում՝ ծանոթանալով կառույցի գործունեությանը, իրականացվող ծրագրերին և մատուցվող ծառայություններին։

Նույն օրը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է Դանիայի խորհրդարանի (Ֆոլքեթինգ) անդամ Սյուրդուր Սկաալեի (Sjúrður Skaale) հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան–Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, Դանիայում բնակվող հայերի ներուժի առավել արդյունավետ ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև հայ համայնքի ինտեգրման և ազգային ինքնության պահպանման հարցերը։

Աշխատանքային այցի շրջանակում Զարեհ Սինանյանը Կոպենհագենում հանդիպել է տեղի հայ համայնքի հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր Դանիայում Սփյուռքի գործերի հանձնակատար Աննա Կարապետյանի նախաձեռնությամբ։ Գլխավոր հանձնակատարը համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ընթացիկ ծրագրերը՝ կարևորելով սփյուռքահայության ներգրավվածությունը Հայաստանի զարգացման գործընթացներում։ Զարեհ Սինանյանը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ ընդգծելով հայրենիքի և սփյուռքի փոխադարձ կապերի ամրապնդման կարևորությունը։

Օրվա ավարտին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը մասնակցել է Կոմիտասի ծննդյան տարեդարձին նվիրված տոնակատարությանը և համերգին։ Միջոցառման ընթացքում երաժշտական կատարմամբ հանդես է եկել Արգենտինայից ժամանած հայազգի դուդուկահար Գագիկ Գասպարյանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office