Զարեհ Սինանյանը մասնակցել է AMAA Հայաստանի Հանքավանի բազմաֆունկցիոնալ համալիրի հանդիսավոր բացման արարողությանը
30 Սեպտեմբերի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մասնակցել է AMAA Հայաստանի Հանքավանի բազմաֆունկցիոնալ համալիրի հանդիսավոր բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով։
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցը։
Իր ողջույնի խոսքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևորել է AMAA-ի բազմամյա գործունեությունը և Հայաստանի համար ցուցաբերած հետևողական աջակցությունը՝ ընդգծելով, որ այն մեծապես նպաստում է Հայաստանի ու Սփյուռքի կապերի ամրապնդմանը։
Նոր «բոլորը մեկում» ձևաչափով բազմաֆունկցիոնալ նոր համալիրն իր գործունեությամբ նպատակ ունի դառնալու կրթական, մշակութային և համայնքային միջոցառումների կարևոր կենտրոն՝ առաջարկելով հարթակ երիտասարդների, ընտանիքների և համայնքի տարբեր խմբերի համար։
Camp Hankavan-ն իր մեջ ներառում է հյուրանոց, կոնֆերանսների, համերգների, զբոսաշրջային և կորպորատիվ տարաբնույթ միջոցառումների անցկացման համար տարածք, թենիսի կորտ, ֆուտբոլի դաշտ, բացօթյա ամֆիթատրոն, տաղավարներ և այլ ենթակառուցվածքներ։
Միջոցառմանը ներկա էին նաև պետական, մարզային և համայնքային պաշտոնյաներ, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բարերարներ, ինչպես նաև AMAA-ի ԱՄՆ գրասենյակի ղեկավար կազմը և հոգաբարձուների խորհրդի անդամները։