Զարեհ Սինանյանը մասնակցել է «Գթության խոհանոց» ծրագրի 32-րդ տարեշրջանի բացմանը

24 Հոկրեմբերի 2025

Հոկտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում մասնակցել է «Գթության խոհանոց» ծրագրի 32-րդ տարեշրջանի բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով։

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Գերմանիայում գործող «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեի ներկայացուցիչներ։

Զարեհ Սինանյանն, իր ողջույնի խոսքում, ընդգծել է․

««Հուսո տուն» բարեգործական հիմնադրամը և Գերմանիայում գործող «Գթության խոհանոց» կառավարման կոմիտեն տարիներ շարունակ իրենց աշխատանքով ապացուցում են, որ բարեգործությունը սահմաններ չի ճանաչում։ Նրանք միավորում են հայրենիքն ու սփյուռքը՝ մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ օգնության ձեռք մեկնելու նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Սա հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է սփյուռքի ներուժը ծառայեցնել հասարակական բարօրությանը»։

«Գթության խոհանոց» ծրագիրը գործում է 1994 թվականից։ Այն իրականացվում է ամեն տարի՝ հոկտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում կարիքավոր քաղաքացիներին օրական մեկ անգամ տրամադրվում է տաք սնունդ։ Այս տարի ծրագրից կօգտվի Երևանի տարբեր վարչական շրջանների ավելի քան 200 շահառու։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office