Զարեհ Սինանյանը մասնակցել է Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությանը

03 Նոյեմբերի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նոյեմբերի 1-ին Գյումրիում մասնակցել է Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի բացման հանդիսավոր արարողությանը, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով։

Ակադեմիայի հիմնադիրը շվեյցարահայ բարերար Վահե Գաբրաշն է։ Այս ձեռքբերումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և մի խումբ առաջադեմ անհատների համագործակցության արդյունքում։

Հյուրանոցային կառավարման ոլորտի կրթության առաջատար միջազգային վարկանիշ ունեցող Լոզանի հյուրընկալության դպրոցի (EHL) կողմից լիցենզավորված, շվեյցարական կրթական մոդելով մասնագիտական կրթության և ուսուցման ակադեմիան առաջարկում է ուսուցում «Խոհարարական արվեստ», «Ռեստորանային սպասարկում» և «Հյուրանոցային ադմինիստրացիա» ուղղություններով՝ ներգրավելով բարձր որակավորմամբ, փորձառու, վերապատրաստված և հավաստագրված մասնագետ-դասախոսների։

Ընդունելությունը բաց է 18 տարին լրացած անձանց համար, այդ թվում՝ ՄԿՈՒ շրջանավարտների, որոնք ցանկանում են ստանալ միջազգային որակավորում և ձգտում են ստեղծել և զարգացնել առաջատար կարիերա հյուրընկալության ոլորտում։

Ուսուցումը հիմնված է աշխատանքի վրա և իրականացվելու է Գյումրիի «Apricot Grand Hotel Gyumri» հյուրանոցում։

Ակադեմիայում ուսուցումը հասանելի է նաև կրթաթոշակի հնարավորությամբ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office