Զարեհ Սինանյան ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին
13 Նոյեմբերի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Գլխավոր հանձնակատարը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել Հայաստան–Իտալիա շարունակական զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով երկու ժողովուրդների միջև բազմամյա ազգային և մշակութային կապի դերը՝ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում։
Ալեսսանդրո Ֆերրանտիին, որը մասնակցել էր Գրասենյակի կողմից կազմակերպված 2025 թ. Ազգային երիտասարդական համաժողովին, կիսվել է իր դրական տպավորություններով և բարձր գնահատել հայկական սփյուռքի տարբեր համայնքների համագործակցության խթանմանը միտված համաժողովի օրակարգը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան–Իտալիա փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Զարեհ Սինանյանը և դեսպան Ֆերրանտիին անդրադարձել են երկու երկրների սփյուռքի հետ համագործակցության քաղաքականություններին և առանձնահատկություններին, ինչպես նաև Հայաստան–Իտալիա փոխգործակցության խորացման հնարավորություններին՝ զբոսաշրջության, կրթության, մշակույթի և մի շարք այլ ուղղություններով։
Գլխավոր հանձնակատարը դեսպանին ներկայացրել է Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտը և անդրադարձել Իտալիայում նշանակված հանձնակատարի գործունեությանը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ ջանքերն ի շահ երկու երկրների փոխգործակցության խթանման և միջմշակութային կապերի շարունակական զարգացման։