Ավարտվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ կազմակերպված Հայ արվեստի և մշակույթի համաժողովը

21 Նոյեմբերի 2025

Ավարտվեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Հայկական մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի համագործակցությամբ կազմակերպված Հայ արվեստի և մշակույթի համաժողովը։

35 երկրներից ժամանած 250 մշակութային գործիչներ երկու օր հայրենիքում մասնակցեցին ոլորտային պանելային քննարկումների, թեմատիկ աշխատաժողովների, սեմինարների, հնարավորություն ունեցան կիսվելու իրենց փորձառությամբ և կատարած աշխատանքով, քննարկելու ոլորտային փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև մշակելու Հայաստանի և հայ մշակույթի ու արվեստի՝ միջազգային հարթակներում ճանաչելիության բարձրացման ուղիները:

Երեք պանելային քննարկումների և վեց թեմատիկ աշխատաժողովների ընթացքում անդրադարձան մշակութային քաղաքականության արդի միտումներին, մշակութային դիվանագիտության նորարարական գործիքներին, ինչպես նաև արվեստի և մշակույթի զարգացման երկարաժամկետ ռազմավարություններին։

Համաժողովը համախմբող հարթակ դարձավ Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային համագործակցության շարունակական զարգացման, հայ արվեստագետների փոխճանաչելիության ընդլայնման, սփյուռքի մասնագետների ներգրավմամբ մշակութային քաղաքականության ձևավորման ու իրականացման, ինչպես նաև հայկական արվեստի և մշակույթի միջազգային ներկայացման և առաջմղման համար։

Երկօրյա համաժողովը եզրափակվեց մշակութային և ճանաչողական երեկոյով, որտեղ մասնակիցներին և հյուրերին ներկայացվեց միջնադարյան ոճով ստեղծված հայկական հագուստների ցուցադրություն-դեֆիլե, անցկացվեց հայկական խոհանոցի ճաշատեսակների պատրաստման վարպետության դաս, ինչպես նաև ազգային երաժշտական և պարային կատարումներ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office