ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում

11 Դեկտեմբերի 2025

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում։

Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի և Համագումարի Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ամերիկայի Հայկական Համագումարի գործունեությանը, ինչպես Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնություններին ու համագործակցության նոր հնարավորություններին։

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վերահաստատել է Գրասենյակի պատրաստակամությունը՝ աշխատելու սփյուռքի այն բոլոր կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ Հայաստանի զարգացման և հզորացման գործընթացներում։ Նա ընդգծել է, որ սփյուռքի ներգրավվածությունը պետք է դառնա առավել համակարգված ու նպատակային։

Նույն օրը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը, Զարեհ Սինանյանը դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ միասին հանդիպել է Վաշինգտոնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Գրասենյակի կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները, ներկայիս առաջնահերթությունները և ծրագրերը։ Գլխավոր հանձնակատարը պատասխանել է ներկաների հարցերին՝ անդրադառնալով ԱՄՆ-ում հայ համայնքի ներուժի առավել թիրախային ներգրավմանը, ինչպես նաև ՀՀ կառավարության օրակարգին ու երկրում տեղի ունեցող բարեփոխումներին առնչվող մի շարք հարցերի։

Դեկտեմբերի 10-ին Գլխավոր հանձնակատարն այցելել է ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, որտեղ պրոֆեսոր Խաչիկ Մուրադյանի ուղեկցությամբ ծանոթացել է գրադարանում պահվող պատմամշակութային հարուստ ժառանգությանը՝ եզակի ձեռագրերին, պատմական փաստաթղթերին և արժեքավոր ցուցանմուշներին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office