Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում
16 Դեկտեմբերի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Իսրայելում:
Դեկտեմբերի 15-ին Իսրայել կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարան։
Այցի ընթացքում գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել Պատրիարքարանում, ինչպես նաև առանձնազրույց է ունեցել Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղի հայ համայնքին և Պատրիարքարանի գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Նույն օրն աշխատանքային այցի շրջանակում Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել նաև Երուսաղեմի Հայկական թաղամասում, այցելել Սբ. Աթոռի Գալուստ Գյուլբենկյան մատենադարան, Երուսաղեմի Հայոց բարեսիրական միություն և Սրբոց Թարգմանչաց կրթարան։
Օրվա ավարտին Վահան Թեքեյան միությունում Զարեհ Սինանյանը հանդիպել է ՌԱԿ Շրջանային Վարչության անդամների և Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը պատասխանել է ներկաներին հարցերին, ինչպես նաև ներկայացրել է Գրասենյակի ծրագրերն ու իրականացվող միջոցառումները՝ ընդգծելով համայնքի ներգրավվածության և մասնակցության ընդլայնման հնարավորությունները։