ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի շնորհավորական խոսքը
31 Դեկտեմբերի 2025
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի շնորհավորական խոսքը
Սփյուռքի սիրելի քույրեր և եղբայրներ, սիրելի հայրենակիցներ,
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
2025 թվականը Հայաստանի համար նշանակալի էր միաժամանակ մի քանի ռազմավարական ուղղություններով արձանագրված առաջընթացով։ Տարվա ընթացքում շարունակվել են պետական կառավարման, տնտեսության, կրթության և ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված բարեփոխումները՝ միտված ավելի կայուն, արդյունավետ և կանխատեսելի պետության կառուցմանը։
Խաղաղության օրակարգի շրջանակում իրականացված քաղաքական և դիվանագիտական քայլերը վերահաստատեցին Հայաստանի հանձնառությունը՝ տարածաշրջանում արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Այս գործընթացները նպաստում են անվտանգ միջավայրի ձևավորմանը, ներդրումային վստահության ամրապնդմանը և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը:
Խաղաղությունն ու բարեփոխումները փոխկապակցված են տնտեսական աճի, տարածաշրջանային համագործակցության և մարդկանց կյանքի որակի բարելավման հետ։ Զարգացող ենթակառուցվածքները, կրթական և տեխնոլոգիական նախաձեռնությունները, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը ձևավորում են այն ներկան, որի վրա կառուցվում է Հայաստանի բարեկեցիկ ապագան։
Այս համատեքստում սփյուռքի ներգրավվածությունը ունի առանցքային նշանակություն։ Սփյուռքը Հայաստանի համար ոչ միայն մեր պատմական հիշողությունն ու մշակութային ինքնությունն է, այլև վստահելի գործընկեր՝ իր գիտելիքով, փորձով և նախաձեռնությամբ։ Միևնույն ժամանակ, մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր սփյուռքահայ զգա պետության շարունակական ուշադրությունն ու աջակցությունը։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է աջակցել սփյուռքին թե՛ համայնքներում իրականացվող ծրագրերի, թե՛ Հայաստանում ապրելու, աշխատելու, ներդրումներ կատարելու կամ գործունեություն սկսելու գործընթացներում։
Մեր առաքելությունն է ստեղծել բաց և վստահելի միջավայր, որտեղ սփյուռքի ներուժը բնական կերպով կներառվի Հայաստանի զարգացման օրակարգում, իսկ յուրաքանչյուր նախաձեռնություն կստանա գործընկերային և պետական աջակցություն։
Վստահ եմ, որ համատեղ, հետևողական և երկարաժամկետ մտածողությամբ աշխատանքի շնորհիվ կկարողանանք արձանագրել նոր հաջողություններ, արդյունավետ արձագանքել առկա մարտահրավերներին և ձևավորել խաղաղ, զարգացող ու բարեկեցիկ Հայաստան՝ որպես ներկա իրականություն և ապագայի հստակ տեսլական։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն անհատներին, կազմակերպություններին և կառույցներին, որոնք իրենց մասնակցությամբ և պատասխանատվությամբ նպաստում են Հայաստանի խաղաղությանը, Հայաստան–սփյուռք հարաբերությունների զարգացմանը և համահայկական համերաշխության ամրապնդմանը։
Բոլորիս մաղթում եմ խաղաղ, առողջ և հաջողություններով լի տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: