Զարեհ Սինանյանը «Գրին Ռոք» ընկերության և «Գրին Ռոք» հիմնադրամի հրավերով այցելել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաք

24 Փետրվարի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը «Գրին Ռոք» ընկերության և «Գրին Ռոք» հիմնադրամի հրավերով փետրվարի 24-ին այցելել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաք։

Այցի նպատակն էր ծանոթանալ կազմակերպության և հիմնադրամի կողմից Դիլիջանում իրականացվող լայնամասշտաբ ծրագրերին, ինչպես նաև հիմնադրամի կողմից վերջերս բացված Apicius Armenia հյուրընկալության միջազգային դպրոցի ընթացիկ աշխատանքներին։

Գլխավոր հանձնակատարի այցը մեկնարկել է «Գրին Ռոք» ընկերության Դիլիջանի գրասենյակ այցելությամբ, որտեղ կազմակերպության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան Զարեհ Սինանյանին ներկայացրել է կազմակերպության նախաձեռնություններն ու տարածաշրջանային զարգացմանն ուղղված ծրագրերը։ Դրանց թվում էին արդեն իսկ Դիլիջանում իրականացված ծրագրերի ներկայացումը, մասնավորապես՝ Դիլիջանի մարզադպրոցի վերակառուցումը, Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցի աշխատանքների մեկնարկը, ինչպես նաև շինարարական փուլում գտնվող հյուրընկալության դպրոցի հիմնական կամպուսի, հյուրանոցի, համերգասրահի և համայնքային կենտրոնի (Villa 3 Community Hub), ինչպես նաև Art այգու աշխատանքները։

Նախագծերը նպատակ ունեն Դիլիջանում ստեղծել բարձրորակ հանրային տարածքներ, նոր աշխատատեղեր և ձևավորել երկարաժամկետ հնարավորություններ տեղի բնակչության համար՝ խթանելով զբոսաշրջիկների և բնակիչների թվի աճը, միևնույն ժամանակ զարգացնելով Դիլիջանի մշակութային և սոցիալ-տնտեսական միջավայրը։

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել կազմակերպության և հիմնադրամի կողմից իրականացվող նախագծերը։

Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են համագործակցության հնարավորությունները ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և «Գրին Ռոք»-ի միջև։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office