Զարեհ Սինանյանը տեսահանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի Քաղաքացիների և սփյուռքի կազմակերպությունների հարցերով տնօրինության ղեկավար Ամր Ալժուայլիի հետ
26 Փետրվարի 2026
Փետրվարի 25-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը տեսահանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի Քաղաքացիների և սփյուռքի կազմակերպությունների հարցերով տնօրինության ղեկավար Ամր Ալժուայլիի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Եթովպիայի Դաշնային Դեմոկրատական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, Աֆրիկյան միությունում ՀՀ մշտական դիտորդ և ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը։
Տեսահանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները՝ առանձնացնելով սփյուռքի ոլորտում երկկողմ փոխգործակցության խթանման գործնական մեխանիզմները։ Ընդգծվել է հայկական և աֆրիկյան սփյուռքյան համայնքների միջև կապերի ամրապնդման կարևորությունը՝ գլոբալ հարթակում փոխգործակցության նոր հնարավորությունների ձևավորման նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը և երկու կառույցների կողմից իրականացվող միջոցառումներին փոխադարձ մասնակցությանը։ Մասնավորապես քննարկվել է «Հայաստան–Սփյուռք» համաժողովին, ինչպես նաև Աֆրիկյան միության կողմից կազմակերպվող՝ սփյուռքին նվիրված համաժողովներին և սեմինարներին մասնակցության հարցը։
Կողմերը կարևորել են համագործակցության իրավական հիմքերի ձևավորումը՝ դիտարկելով հարաբերությունների ինստիտուցիոնալացման հնարավորությունները, այդ թվում՝ փոխըմբռնման հուշագրի կամ այլ համաձայնագրերի ստորագրման հեռանկարները։
Հանդիպման ավարտին վերահաստատվել է պատրաստակամությունը շարունակելու կառուցողական երկխոսությունը և ձևավորելու փոխշահավետ, կայուն ու երկարաժամկետ համագործակցություն՝ սփյուռքի քաղաքականության և բազմակողմ գործընկերության զարգացման ուղղությամբ։