Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Սինգապուրում
30 Մարտի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Սինգապուրում՝ մասնակցելու Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական Եկեղեցու 190-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։
Եկեղեցու հոգաբարձուների կողմից կազմակերպված միջոցառումներին ներկա է եղել շուրջ 110 մասնակից՝ 14 երկրից։
Գլխավոր հանձնակատարն Եկեղեցու 190-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում ընդգծել է Սինգապուրի փոքրաթիվ հայ համայնքի՝ տարիներ շարունակ կատարած ահռելի աշխատանքն՝ ի նպաստ հայկական ժառանգության, հայոց լեզվի և մշակույթի, ինչպես նաև հոգևոր արժեքների պահպանմանն ու տարածմանը։
Խորհրդանշական միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել նաև Սինգապուրի Հայկական ժառանգության կենտրոնի և նոր համայնքային ընդունելությունների սրահի բացման արարողությունը։
Զարեհ Սինանյանն այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել Սինգապուրի, ինչպես նաև այլ երկրներից ժամանած՝ այդ թվում Ավստրալիայից, Բանգլադեշից, Վիետնամից, Հնդկաստանից և այլ հայ համայնքների ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը, հայապահպանությանը, հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը, ինչպես նաև երկկողմ փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Գլխավոր հանձնակատարն այցի շրջանակում մասնակցել է նաև Եկեղեցում Սուրբ Պատարագի, որը մատուցել է Սիդնեյից ժամանած Գերաշնորհ Տ. Վարդան Արքեպիսկոպոս Նավասարդյանը։
Հանդիսավոր միջոցառումներն ամփոփվել են գալա ընթրիքով, որի շրջանակում անցկացվել է «Armenian Street» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված հանգանակությունը։ Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես է եկել Զարեհ Սինանյանը՝ մաղթելով արդյունավետ և հաջող ընթացք։
Հանդիսավոր միջոցառումներին ներկա է գտնվել նաև Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերոբ Բեջանյանը։