Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է
21 Ապրիլի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է։
Ապրիլի 21-ին Զարեհ Սինանյանը Ֆրանսիայի Ժոֆ քաղաքում մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, որտեղ հանդես է եկել ելույթով։
Իր ելույթում Գլխավոր հանձնակատարը նշել է․
«Հայոց ցեղասպանությունը միայն ողբերգություն չէ. այն նաև միասնության, դիմադրության, բարեկամ ժողովուրդներին երախտագիտություն հայտնելու և հուսադրող ապագայի պատմություն ու խոստում է։ Կարևոր եմ համարում ընդգծել, որ բոլոր նրանք, ովքեր կանգնած են մեր կողքին, ոչ միայն հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին, այլև ուժ և վստահություն են հաղորդում մեզ՝ մեր ապագան խաղաղ և դրական կերտելու համար»։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև Ժոֆի քաղաքապետ Անդրե Կորզանին, Մյուրթ-է-Մոզելի դեպարտամենտի խորհրդի նախագահ Շեյնեսս Խիրունին, Մյուրթ-է-Մոզելի պրեֆեկտ Իվ Սեգին և «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի փոխնախագահ Սոնյա Բալայանը։ Միջոցառմանը մասնակցել են հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական և տարածաշրջանային իշխանությունների պաշտոնատար անձինք։
Ելույթներից հետո տեղի է ունեցել քայլերթ դեպի Ժոֆի երիտասարդության և մշակույթի տուն (MJC), որտեղ քաղաքապետի նախաձեռնությամբ կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն։
Այնուհետև Ժոֆի քաղաքապետարանում կայացել է աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Ժոֆի քաղաքապետ Անդրե Կորզանին, Վալ դը Բրիե շրջանի պրեֆեկտ Էլեն Ժերունիմին, Մյուրթ-է-Մոզելի դեպարտամենտի խորհրդի նախագահ Շեյնեսս Խիրունին, «Գրանդ Էսթի հայկական սփյուռք» ասոցիացիայի նախագահ Անդրե Ներսիեն, փոխնախագահներ Սոնյա Բալայանը և Լիանա Բաբայանը, ինչպես նաև հայ համայնքի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության հիշատակի արարողության կազմակերպման համար՝ կարևորելով Ֆրանսիայի հետևողական հանձնառությունը ցեղասպանության հիշատակի պահպանման, ինչպես նաև հայկական ծագում ունեցող քաղաքացիներին ցուցաբերվող շարունակական աջակցության գործում։
Կողմերը կարևորել են Ֆրանսիայում հայ համայնքի ինտեգրման գործընթացը՝ ընդգծելով, որ այն նպաստում է ինչպես ֆրանսիական հասարակության մեջ լիարժեք ներգրավմանը, այնպես էլ հայկական ազգային ինքնության և մշակույթի պահպանմանը։ Զարեհ Սինանյանը նաև շնորհակալություն է հայտնել «Արմատներ և Լույս» դպրոցի հիմնադրմանը ցուցաբերված աջակցության համար՝ այն դիտարկելով որպես հաջողված օրինակ ինտեգրման և մշակութային կապերի պահպանման համատեքստում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ապակենտրոնացված համագործակցության զարգացման հեռանկարներին մասնավորապես Հայաստանի և Ֆրանսիայի դպրոցների միջև համագործակցության համատեքստում։ Քույր դպրոցների փոխգործակցության ձևաչափը հնարավորություն կտա իրականացնել աշակերտների և ուսուցիչների փորձի փոխանակում, համատեղ կրթական նախաձեռնություններ և փոխայցելություններ՝ նպաստելով երկկողմ կապերի ընդլայնմանը։
Քննարկվել են նաև Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ համագործակցության հնարավորությունները:
Նույն օրը Գլխավոր հանձնակատարը այցելել է նաև Ժոֆի երիտասարդության և մշակույթի տուն (MJC), որտեղ հանդիպել է կառույցի տնօրեն Միշել Լա Վանուի հետ, ծանոթացել հաստատության գործունեությանը և շնորհակալություն հայտնել հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող շարունակական աջակցության և հոգատար վերաբերմունքի համար։