ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24 Ապրիլի 2026

Սփյուռքի սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր կրկին ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը՝ խոնարհումով և պատասխանատվությամբ։

Մարդկային անգին կորուստների և հայրենազրկման հետ մեկտեղ Հայոց ցեղասպանության արդյունքում մեր ժողովուրդը լայնորեն սփռվեց աշխարհով մեկ՝ ձևավորելով Սփյուռք։

Խորին հարգանքով և հավերժ խոնարհումով՝ Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին, մեր պարտավորությունն է երբեք թույլ չտալ պատմության այս էջի կրկնությունը՝ ոչ մի կերպ և ոչ մի դեպքում։

Այդ ողբերգական իրադարձությունից 111 տարի անց կրկին համոզվում ենք, որ պարտավոր ենք կառուցել ուժեղ, ինքնիշխան և անվտանգ պետություն, որտեղ մարդու արժանապատվությունն, իրավունքը և խաղաղ կյանքը բարձրագույն արժեքներ են։ Համոզվում ենք, որ պարտավոր ենք մեր պատմական ցավը վերածել պատասխանատու քաղաքականության՝ առաջ մղելով Հայաստանի կայուն զարգացման օրակարգը խաղաղ պայմաններում և ստեղծելով պայմաններ, որպեսզի Հայաստանը դառնա ձգող ու միավորող կենտրոն ողջ հայության, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար։

Ցեղասպանության զոհերի և կորուստների ոգեկոչման լավագույն ձևը համախմբումն է հանուն պետականության ամրապնդման՝ Հայաստանում և Սփյուռքում՝ մեր ազգային միասնությունը դարձնելով գործնական իրականություն։

Տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության օրակարգի ապահովումը Հայաստանի կառավարության և մեզանից յուրաքանչյուրի մեծագույն նպատակն ու շարժիչ ուժն է։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք պարտավոր ենք ապագա սերունդներին փոխանցել ոչ միայն անցյալի ցավալի հիշողությունն, այլև վերածնված, նորովի կայացած, հզոր և կենսունակ պետություն։

Մեր համազգային ուժը մեր միասնականության մեջ է՝ անկախ աշխարհագրությունից, տարբերություններից կամ յուրաքանչյուրիս՝ ճակատագրով բաժին հասած բնակության վայրից ու կենսակերպից։ Հայաստանի Հանրապետությունն ու Սփյուռքը միասին են ի զորու իրականացնել այս կարևոր հանձնառությունը։

Խոնարհումս մեր սուրբ նահատակների հիշատակին։

Ուժ և միասնություն մեր ժողովրդին՝ Հայաստանում և Սփյուռքի յուրաքանչյուր համայնքում։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office