Զարեհ Սինանյանն հանդիպել է վերջերս Հայաստանում պաշտոնապես գրանցված «Ռեգբիի համահայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության համանախագահների հետ
12 Հունիսի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն հանդիպել է վերջերս Հայաստանում պաշտոնապես գրանցված «Ռեգբիի համահայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության համանախագահներ՝ ֆրանսահայ Նիկոլա Անսելինի և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ռեգբի մարզաձևի զարգացման հեռանկարները, ինչպես նաև ոլորտում սփյուռքի ներուժի ներգրավման հնարավորությունները։ Ֆեդերացիայի համանախագահները գլխավոր հանձնակատարին ներկայացրել են կազմակերպության ռազմավարական առաջնահերթությունները, զարգացման տեսլականը և այն ծրագրերը, որոնք միտված են Հայաստանում ռեգբիի հանրայնացմանն ու տարածմանը՝ ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ մակարդակներում։
Կողմերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ՝ կարևորելով սփյուռքահայ փորձառու մարզիկների, մարզիչների և ոլորտի մասնագետների ներգրավվածությունը Հայաստանում ռեգբիի զարգացման գործընթացում։ Ընդգծվել է, որ համահայկական ներուժի համախմբումը կարող է էական ներդրում ունենալ մարզաձևի առաջխաղացման և միջազգային կապերի ընդլայնման գործում։
Հանդիպման ավարտին ֆեդերացիայի ներկայացուցիչները Զարեհ Սինանյանին հրավիրել են հունիսի 14-ին Երևանում կայանալիք ռեգբիի հանրահռչակմանն ուղղված միջոցառումներին և ցուցադրական խաղերին, որոնց նպատակն է երիտասարդների շրջանում բարձրացնել հետաքրքրությունը մարզաձևի նկատմամբ և խթանել դրա զարգացումը Հայաստանում։
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ողջունել է նախաձեռնությունը, շնորհակալություն հայտնել հրավերի համար և հաջողություն մաղթել ֆեդերացիայի ղեկավարությանը՝ իրենց ծրագրերի արդյունավետ իրականացման և նոր մարզական ձեռքբերումների ճանապարհին։