Զարեհ Սինանյանն ու Հակոբ Արշակյանը ընդունել են «Ներուժ» ծրագրի այս տարվա հաղթողներին

25 Դեկտեմբերի 2019

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը դեկտեմբերի 25-ին ընդունել են «Ներուժ»  սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի 2019 թվականի հաղթողներին: 

Հակոբ Արշակյանը ողջունել է սփյուռքահայ մեր հայրենակիցներին, շնորհավորել արժանի հաղթանակի առթիվ: Նախարարը կարևորել է «Ներուժ» ծրագրի դերը տեխնոլոգիական տաղանդի ներհոսքը Հայաստան ուղղորդելու տեսանկյունից։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նշել է, որ «Ներուժ» ծրագրի մասնակիցների միջև մրցակցությունը թեժ էր, և անհրաժեշտ էր մեծ ջանք գործադրել հաղթողի կոչմանն արժանանալու համար: «Դուք ներկայացրել եք բարձր որակի ծրագիր և արժանի եք այս հաղթանակին: Այնպես որ, սպասում ենք ձեզ, որ հայրենադարձվեք և Հայաստանում իրականացնեք ձեր ծրագրերը»,- նշել է նա: 

«Ներուժ» ծրագրի հաղթողները մի շարք հարցեր են ուղղել Հակոբ Արշակյանին և Զարեհ Սինանյանին։ Նրանց մասնավորապես հետաքրքրում էր իրենց գործունեությունը Հայաստանում տեղայնացնելու հետ կապված որոշ մանրամասներ։ 

Երիտասարդները կիսվել են նաև ծրագրի օրակարգի, կառուցվածքի, բանախոսների վերաբերյալ կարծիքներով և տպավորություններով: 

Այս տարվա «Ներուժ» ծրագրով մրցույթում հաղթած սթարթափները 6-ն էին՝ գաղափարի փուլում գտնվող և արդեն շուկա դուրս բերելու պատրաստ պրոդուկտ կամ ծառայություն ունեցող:  Ըստ այդմ՝  գաղափարի մակարդակում գտնվող երեք սթարթափներն են «Marathon»-ը, «eBin»-ը, «SoFetch»-ը,  իսկ շուկա դուրս գալու պատրաստ առաջինից երրորդ մրցանակի արժանացած սթարթափներն են «Schedex»-ը, «Garoon Tech»-ը և «Fact industries»-ը: 

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office