Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում
19 Հունիսի 2026
Հունիսի 19-ին Ադդիս Աբեբայում գլխավոր հանձնակատարը հանդիպել է Եթովպիայի Սփյուռքի հարցերով ծառայության գլխավոր տնօրեն Ֆիցում Արեգա Գեբրեկիդանի հետ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են սփյուռքի համայնքների հետ աշխատանքի իրենց փորձը, անդրադարձել հայրենադարձության, համայնքային ներուժի արդյունավետ օգտագործման, ինչպես նաև պետական կառույցների և սփյուռքի միջև կապերի ամրապնդման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են հայ-եթովպական համագործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ մասնավորապես սփյուռքի քաղաքականության ոլորտում փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համատեքստում։
Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Հայաստանի և Եթովպիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ու երկկողմ համագործակցության շարունակական զարգացումը։ Գլխավոր հանձնակատարը նաև պաշտոնապես հրավիրել է Ֆիցում Արեգա Գեբրեկիդանին մասնակցելու 2026 թվականի նոյեմբերի 5–8-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Եթովպիայի Սփյուռքի հարցերով ծառայության միջև ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։