Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։
19 Հունիսի 2026
Հունիսի 19-ին Գլխավոր հանձնակատարը, Եթովպիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանի ուղեկցությամբ, Ադդիս Աբեբայում այցելել է Աֆրիկյան միության կենտրոնակայան, որտեղ հանդիպել է Աֆրիկյան միության հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար դոկտոր Յանն Բեձիգուի Բեբենայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Աֆրիկյան միության միջև սփյուռքի հարցերի շուրջ գործնական համագործակցության հաստատման և զարգացման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են սփյուռքի ներուժի արդյունավետ ներգրավման, համայնքային կապերի ամրապնդման, երիտասարդության հետ աշխատանքի, ինչպես նաև համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման ոլորտներում փորձի փոխանակման հեռանկարներին։
Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորմանը։ Այդ համատեքստում քննարկվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Աֆրիկյան միության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հնարավորությունը, որը միտված է ստեղծելու երկարաժամկետ համագործակցության հիմքեր։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքը հուշագրի տեքստի վերջնականացման ուղղությամբ՝ ընդգծելով, որ դրա ստորագրումը կարևոր խթան կհանդիսանա համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման համար։