Շարունակվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար աշխատանքային այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն

22 Հունիսի 2026

Աշխատանքային այցի շրջանակում Գլխավոր հանձնակատարն այցելել է Ադիս Աբեբայի հայկական մշակութային կենտրոն, որտեղ մասնակցել է եթովպահայ համայնքի պատմության ցուցասրահ-թանգարանի հանդիսավոր բացման արարողությանը։ Բացման ժապավենը Զարեհ Սինանյանը կտրել է Եթովպահայ համայնքային խորհրդի նախկին նախագահ, սարկավագ Վարդգես Նալբանդյանի հետ միասին։

Արարողությունից հետո Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել նորաբաց ցուցասրահում։

Պաշտոնական բացումից հետո մշակութային կենտրոնում կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Զարեհ Սինանյանը։ Նա ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, իրականացվող ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները՝ ընդգծելով Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդման գործում համայնքային կառույցների կարևոր դերակատարությունը։

Բացման խոսքով հանդես են եկել նաև Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը և Եթովպահայ համայնքային խորհրդի նախկին նախագահ, սարկավագ Վարդգես Նալբանդյանը, որի նախաձեռնությամբ և ջանքերով կյանքի է կոչվել ցուցասրահ-թանգարանի ստեղծման գաղափարը։

Միջոցառման շրջանակում Գլխավոր հանձնակատարը շնորհակալագրերով պարգևատրել է Վարդգես Նալբանդյանին, Եթովպահայ համայնքային ղեկավար խորհրդի նախագահ Կարո Թիլբյանին և խորհրդի անդամ Թամար Գևորգյանին՝ համայնքային կյանքի զարգացման և հայ ինքնության պահպանման գործում ունեցած ավանդի համար։

Պաշտոնական ելույթներին հաջորդել է հարցուպատասխան, որի ընթացքում համայնքի ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել քննարկելու իրենց հուզող հարցերն ու ներկայացնելու առաջարկություններ։

Հանդիսավոր միջոցառումներին մասնակցել են Եթովպիայի հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ, Եթովպիայի պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Աֆրիկյան միության, միջազգային կազմակերպությունների և այլ կառույցների ներկայացուցիչներ ու հրավիրված հյուրեր։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office