Զարեհ Սինանյանը շարունակում է աշխատանքային այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն

22 Հունիսի 2026

Հունիսի 21-ին, այցի շրջանակում, Գլխավոր հանձնակատարը, Եթովպիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանի ուղեկցությամբ, այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայ առաքելական եկեղեցի։

Զարեհ Սինանյանը ներկա է գտնվել մատուցված Սուրբ Պատարագին, որից հետո շրջայց է կատարել եկեղեցու տարածքում, ծանոթացել եկեղեցու պատմությանը, գործունեությանն ու համայնքային կյանքի կազմակերպման առանձնահատկություններին։

Այնուհետև Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության հանձնաժողովի Քաղաքացիների և սփյուռքի կազմակերպությունների հարցերով տնօրինության (Citizens and Diaspora Organizations Directorate – CIDO) ղեկավար, դեսպան Ամր Ալժուայլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եթովպիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սահակ Սարգսյանը։

Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել սփյուռքի ոլորտում Հայաստանի Հանրապետության և Աֆրիկյան միության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և Աֆրիկյան միության հանձնաժողովի Քաղաքացիների և սփյուռքի կազմակերպությունների հարցերով տնօրինության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև սփյուռքի ներուժի արդյունավետ ներգրավմանն ուղղված փորձի փոխանակման հնարավորություններին։

Հանդիպման առանցքային թեմաներից էր երկկողմ Փոխըմբռնման հուշագրի (MoU) կնքման գործընթացը։ Կողմերը քննարկել են հուշագրի նախագծի դրույթները՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու աշխատանքները փաստաթղթի վերջնականացման ուղղությամբ։ Նշվել է, որ հուշագրի նախագիծը ներկայում գտնվում է քննարկման փուլում, իսկ առաջիկայում նախատեսվում է դրա ստորագրումը, ինչը նոր խթան կհանդիսանա երկու կառույցների միջև համագործակցության խորացման համար։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office