Շարունակվում է Գլխավոր հանձնակատարի աշխատանքային այցը Հունաստանի Հանրապետություն

23 Հունիսի 2026

Հունիսի 23-ին Հունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հունաստանում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար Միսակ Հովսեփյանի ուղեկցությամբ, այցելել է Նիկեա–Ագիոս Յոանիս Ռենտիի քաղաքապետարան և հանդիպում ունեցել քաղաքապետ Կոնստանտինոս Մարագակիսի հետ։

Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին տեղի հայ համայնքին ցուցաբերվող շարունակական աջակցության, ինչպես նաև Հունաստանում ՀՀ սփյուռքի գործերի հանձնակատար Միսակ Հովսեփյանի հետ ձևավորված արդյունավետ համագործակցության համար։

Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-հունական համագործակցության շարունակական զարգացումը տարբեր ոլորտներում՝ ընդգծելով ապակենտրոնացված համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ որպես տեղական ինքնակառավարման մարմինների միջև փոխգործակցության խորացման արդյունավետ հարթակ։

Զարեհ Սինանյանն ընդգծել է, որ Հունաստանը և հույն ժողովուրդը Հայաստանի և հայ ժողովրդի բարեկամներն են, իսկ երկու ժողովուրդների միջև ձևավորված պատմական ու մշակութային կապերը շարունակում են ամրապնդվել և զարգանալ։ Նա գոհունակությամբ նշել է, որ հայ-հունական բարեկամական հարաբերությունները ներկայումս նոր բովանդակություն և դինամիկա են ստանում՝ ընդգրկելով փոխգործակցության ավելի լայն շրջանակ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office