Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Հունաստանում է

23 Հունիսի 2026

Հունիսի 23-ին Հունաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հունաստանում Սփյուռքի գործերի հանձնակատար Միսակ Հովսեփյանի ուղեկցությամբ, այցելել է Աթենքի «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոն։

Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է կենտրոնի հանձնախմբի անդամ, «Հայաստան» շաբաթաթերթի հիմնադիր, «Ֆիլիա» թերթի համահիմնադիր, Հունաստանի հայերի միության համահիմնադիր Մինաս Տեր Հովհաննիսյանի, ինչպես նաև հանձնախմբի անդամներ Հայկ Քասարջյանի, Հովհաննես Շահինյանի, Հովսեփ Քասեսյանի և Տիգրան Ղալումյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Սփյուռք գործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ներկայիս մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին։ Զրուցակիցները կարևորել են Սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավումը Հայաստանի զարգացման և պետականության ամրապնդման գործընթացներում։

Առանձնակի ուշադրություն է դարձվել հունահայ համայնքի կրթական, գիտական և մշակութային կարողությունների համախմբմանն ուղղված նախաձեռնություններին, ինչպես նաև այնպիսի գործնական մեխանիզմների ձևավորմանը, որոնք կնպաստեն համայնքային կյանքի ակտիվացմանն ու Հայաստան–Սփյուռք կապերի առավել նպատակային զարգացմանը։

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել կենտրոնի հանձնախմբի անդամների երկարամյա գործունեությունը՝ ուղղված հունահայ համայնքի ազգային ինքնության պահպանմանը, հայապահպանության, ինչպես նաև համայնքային կյանքի զարգացմանը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office