Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Հունաստանում է

23 Հունիսի 2026

Հունիսի 23-ին Հունաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հունաստանի ՀԲԸՄ վարչության հրավերով այցելել է ՀԲԸՄ Աթենքի Արտաքի Գալփակեան հայկական ամենօրյա վարժարան և հանդիպել կառույցի ղեկավար կազմի հետ։

Հանդիպման սկզբում Գլխավոր հանձնակատարը շնորհավորել է ՀԲԸՄ Հունաստանի նորընտիր վարչությանը և վարչության ատենապետ Գրիգոր Մարուքեանին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ համայնքի զարգացման և հայապահպանության։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–Սփյուռք համագործակցության խորացման, համատեղ ծրագրերի իրականացման, ինչպես նաև Սփյուռքի ներուժի առավել արդյունավետ ներգրավման հնարավորություններին։ Կողմերը կարևորել են Հայաստանում իրականացվող բարեգործական նախաձեռնությունների վերափոխումը երկարաժամկետ և կայուն զարգացման ծրագրերի՝ ընդգծելով կրթական, սոցիալական և համայնքային զարգացման ուղղություններով ռազմավարական համագործակցության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը նաև պաշտոնապես հրավիրել է ՀԲԸՄ Հունաստանի վարչության անդամներին մասնակցելու այս տարի նոյեմբերի 5–8-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։

Այցի ավարտին Զարեհ Սինանյանը շրջայց է կատարել Արտաքի Գալփակեան հայկական ամենօրյա վարժարանում, ծանոթացել կրթօջախի գործունեությանը և ծրագրերին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office