ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Աթենքում

24 Հունիսի 2026

Հունիսի 24-ին Աթենքում Զարեհ Սինանյանը մասնակցել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի հանձնակատար Միսակ Հովսեփյանի գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը։

Բացման խոսքով հանդես է եկել հանձնակատար Միսակ Հովսեփյանը, որից հետո Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Խորեն եպիսկոպոս Առաքելյանի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Հունաստանի թեմի առաջնորդ Տ. Սահակ եպիսկոպոս Եմիշյանի և Կրետեի Հերակլիոն քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել գրասենյակի օրհնության արարողությունը։

Միջոցառմանը Զարեհ Սինանյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով։

Իր խոսքում գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ գրասենյակը կոչված է ծառայելու համայնքի կարիքներին, ամրապնդելու Հայաստան–Սփյուռք հարաբերությունները և նպաստելու Հայաստանի ու հունահայ համայնքի միջև համագործակցության առավել արդյունավետ զարգացմանը։

Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Միջոցառմանը մասնակցել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական, կրթական, մշակութային և գործարար ոլորտների ներկայացուցիչներ։

Իրենց ելույթներում հույն պաշտոնյաները բարձր են գնահատել հունահայ համայնքի ներդրումը երկրի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում և վերահաստատել հայ-հունական համագործակցության հետագա զարգացման իրենց պատրաստակամությունը։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office