Մեր հայրենադարձները. Սաշկա Ավանեսյան

29 Սեպտեմբերի 2019

Եթե մի քանի տարի առաջ Սաշկա Ավանյանին հարցնեիք, թե որտեղ է նրա տունը, նա պատասխան չէր ունենա: Եվ դա այն ժամանակ այնքան բնական էր. չէ որ Սաշկան ծնվել է Տեխասի Հյուստոն քաղաքում, մանկությունն անցկացրել Մոսկվայում, ապա 14 տարեկանում մեկնել Տորոնտո: Տարիքի հետ Սաշկայի մեջ մեծանում էր նաև ազգային ինքնության զգացողությունը, չնայած որ հաճախ էր ընկալվում որպես ռուս, ամերիկացի կամ կանադացի: Սակայն երիտասարդ աղջիկը փնտրում էր մի այլ բան, որը բնակության երկրներից և ոչ մեկում չէր գտել:

Միայն ավելի ուշ՝ համալսարանական ուսումնառության 3-րդ տարում Սաշկան բացահայտեց իր արմատներն ու ազգանվան «յան»-ի իրական նշանակությունը: Ահա այդպես, փոխելով իրադրությունների ողջ պատկերը՝ նա հենց նույն ամառվա ընթացքում «Դեպի Հայք» կազմակերպության շնորհիվ եկավ Վանաձոր ու սկսեց կավորական աշխատանքը: Իր կյանքի այս նոր, փոփոխված պատկերը շուտով պիտի դառնար տաք ու փնտրված  տուն:
«Սփյուռքահայ եմ». իր մասին պատմելիս Սաշկան առաջին հերթին սա է ասում: Վայելելով Հայաստանի հյուսիսի չքնաղ բնությունը՝ Վանաձորում այս մի քանի տարիները նաև պայքարի տարիներ են եղել նրա համար, պայքար հաշտեցնելու համար իր բերած աշխարհն ու Լոռվա երբեմն փակ, երբեմն կարծրատիպային իրականությունը: Չնայած ամեն ինչին՝ Սաշկան ուրախությամբ է ընդունել այն փաստը, որ տեղի մարդկանց կայուն արժեքները՝ ընկերություն, հավաքականություն, հավատարմություն, իր համար ավելի կարևոր են, քան Կանադայում զգացած մեկուսացվածությունը:

 «Կյանքն ապրելու իմ կերպը ավելի հայկական է, եթե մշակութապես դիտարկենք: Երևի բավարար է ասել, որ այստեղ ես ունեմ առնվազն 15 հոգու, որոնց ցանկացած պահի կարող եմ զանգահարել, և նրանք կթողնեն ամեն ինչ ու կշտապեն ինձ մոտ՝ օգնելու պարզապես մի կտոր կահույք տեղափոխել»:
«Գործ չկա Վանաձորում». սա միակ կարծրատիպն է, որ Սաշկան ուզում է մինչև վերջ արմատախիլ անել: Չհետևելով այն ընկերների օրինակներին, որոնք տաղանդավոր նկարիչներ էին, ու իրենց բախտն այլ վայրերում որոնեցին, Սաշկան համահիմնադրեց «Creopia Productions» ընկերությունը. վիզուալ արվեստի արտադրական ձեռնարկություն, որը նպատակ ունի զարկ տալ և ընդլայնել հետարդյունաբերական կենդանի քաղաքի «մեծ, չիրացված ստեղծագործական էներգիան»:
Իր գործընկերոջ՝ վանաձորցի Լուսինե Պողոսյանի հետ, փորձում են իրենց սոցիալական ծրագրերի պրիզմայով նայել ծնվող գաղափարներին:

«Դու՛րս եկեք Երևանի կամ Կենտրոնի սահմաններից». Սաշկայի խորհուրդն է պոտենցիալ հայրենադարձներին: Երկիրն ավելին է, քան միայն մայրաքաղաքը, և այն նոր էներգիայի սուր պահանջ ունի: Եթե ձեր մեջ Հայաստան գալու զգայական մեծ ցանկություն կա, հետևեք նրան և եկեք թեկուզ մեկ-երկու տարով, չնայած որ դա էլ հեշտ չի լինելու: «Եթե դուք ճիշտ տրամադրվածությամբ գաք, կգտնեք մարդկանց, որոնք կկանգնեն ձեր կողքին»:

Իմացեք ավելին Սաշկայի և «Creopia Productions»-ում նրա աշխատանքի մասին նաև Repat Armenia-ի այս նյութից՝ http://repatarmenia.org/en/engage/inspiration/a/sashka-avanyan: Եկեք աջակցենք նրա և Լուսինեի՝ Վանաձորը Կովկասի ստեղծագործական ամենաառաջատար կենտրոններից մեկը դարձնելու առաքելությանը:

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office