Ավարտվել է ՀՀ պետական կառավարման համակարգում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի 2025–2026 թթ. շրջափուլը

21 Օգոստոսի 2026

Ծրագրի վեցերորդ շրջափուլին մասնակցել են 13 երկրից ժամանած շուրջ չորս տասնյակ մասնագետներ, որոնք մեկ տարի շարունակ աշխատել են ՀՀ պետական կառավարման համակարգի 18 գերատեսչություններում՝ ներդնելով իրենց մասնագիտական հմտություններն ու փորձառությունը։

Ծրագրի փակման և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, ծրագրի համակարգող Աննա Մհերյանը, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրեն Լևոն Անանյանը և «Կերոն» հիմնադրամի «Տաղանդների ֆոնդ» նախագծի ղեկավար Գևորգ Պողոսյանը։

Իր ելույթի խոսքում Զարեհ Սինանյանը նշել է.

«Մեր բարձրագույն արժեքը և ամենամեծ ռեսուրսը մարդիկ են՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Մեր պարտքն է այդ ներուժն ամբողջությամբ ծառայեցնել Հայաստանի զարգացմանը, և հենց այդ նպատակին է ուղղված «իԳործ» ծրագիրը»։

Հիշեցնենք, որ «իԳործ» ծրագրի 2026–2027 թթ. շրջափուլը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office