«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի վեցերորդ շրջափուլի 29 մասնակիցները շարունակում են ծրագրի հայաստանյան փուլը
26 Օգոստոսի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի վեցերորդ շրջափուլի 29 մասնակիցները շարունակում են ծրագրի հայաստանյան փուլը։
Ծրագրի երկրորդ օրը մեկնարկել է ծրագրի ղեկավար Լիլի Խաչատրյանի հետ հանդիպում-քննարկմամբ, որի ընթացքում ներկայացվել են Գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ծրագրերը, ինչպես նաև «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի համայնքային աշխատանքների փուլի մանրամասները։
Օրվա երկրորդ կեսին երիտասարդ դեսպանները մասնակցել են «Ադվոկացիան համայնքի գործունեության մեջ» թեմայով դասախոսություն-քննարկմանը, որը վարել է Արամ Ոսկանյանը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել համայնքային առաջնորդության, շահերի պաշտպանության և արդյունավետ հանրային ներգրավվածության գործիքներին։
Այնուհետև մասնակիցներն այցելել են Գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոն, որտեղ մասնակցել են «Հայրենադարձությունն այսօր. հնարավորություններ, մարտահրավերներ, ծրագրեր» թեմայով դասախոսության, որը վարել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։
Հանդիպման ընթացքում երիտասարդ դեսպանները ծանոթացել են նաև Կենտրոնի կողմից հայրենադարձներին տրամադրվող ծառայություններին, աջակցման ծրագրերին և ուղղել իրենց հետաքրքրող հարցերը Կենտրոնի մասնագետներին։
Օրվա ավարտին կայացել է փորձի փոխանակման հանդիպում 2025–2026 թվականների «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ։