«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ութերորդ օրը մեկնարկել է «Առաջնորդություն համայնքում» խորագրով աշխատաժողովով
01 Սեպտեմբերի 2026
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի ութերորդ օրը մեկնարկել է «Առաջնորդություն համայնքում» խորագրով աշխատաժողովով, որը վարել է Երիտասարդ առաջնորդների դպրոցի (2006–2016) հիմնադիր տնօրեն, Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան ծրագրերի ավագ ղեկավար Արտակ Շաքարյանը։
Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են համայնքային առաջնորդության սկզբունքները, արդյունավետ ղեկավարության գործիքները և երիտասարդների դերակատարությունը համայնքային զարգացման գործում։
Օրվա երկրորդ կեսին երիտասարդ դեսպանները մասնակցել են համայնքային իրավիճակային սիմուլյացիոն խաղի, որը հեղինակել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փորձագետ Մանուշակ Գրիգորյանը։ Խաղը համակարգել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համայնքային աշխատանքները համակարգող աշխատակիցները և ծրագրի նախկին շրջանավարտները։
Այնուհետև մասնակիցներն այցելել են «M.A.M» կրթական շարժման հիմնադրամ, որտեղ հանդիպել են հիմնադիրներ Մարինա և Մելինե Ղազարյանների հետ։ «Հայոց լեզվի առցանց ուսուցման հնարավորությունները սփյուռքահայերի համար» թեմայով հանդիպման ընթացքում ներկայացվել են հիմնադրամի կրթական ծրագրերը, թվային ուսուցման գործիքները և սփյուռքում հայերենի պահպանման ու տարածման նորարարական լուծումները։
Ծրագրի ութերորդ օրն ամփոփվել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան ճանաչողական այցով, որի ընթացքում երիտասարդ դեսպանները ծանոթացել են աշխարհահռչակ արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը և հայկական մշակույթի բացառիկ էջերից մեկին։