«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը շարունակվում է՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ առաջնորդներին

02 Սեպտեմբերի 2026

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը շարունակվում է՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդ առաջնորդներին և խորացնելով նրանց կապը Հայաստանի հետ։

Ծրագրի շրջանակում երիտասարդ դեսպանները հանդիպում են ունեցել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Ողջունելով մասնակիցներին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորել է նրանց ձգտումը դեպի Հայաստան և ընդգծել երիտասարդների առանցքային դերը սփյուռքի համայնքների զարգացման ու Հայաստան-սփյուռք համագործակցության ամրապնդման գործում։

Զարեհ Սինանյանը ներկայացրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները՝ առանձնահատուկ շեշտադրելով երիտասարդների ակտիվ ներգրավվածության կարևորությունը համահայկական օրակարգի ձևավորման և իրականացման գործընթացներում։ Նա նաև արժևորել է երիտասարդ դեսպանների արդեն իսկ իրականացրած աշխատանքը և վստահություն հայտնել, որ ծրագրի ավարտից հետո նրանք կդառնան ավելի արդյունավետ գործընկերներ ինչպես Գրասենյակի, այնպես էլ իրենց համայնքների համար։

Հանդիպումն անցել է բաց քննարկման ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները բարձրացրել են իրենց հետաքրքրող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ։

Իններորդ օրվա ընթացքում երիտասարդ դեսպաններն այցելել են Ինժեներական քաղաք, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, STAN և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ։ Այցերի ընթացքում նրանք ծանոթացել են կառույցների գործունեությանը, շրջել տարածքներում, զրուցել մասնագետների հետ և տեղեկացել Հայաստանի տեխնոլոգիական ու նորարարական էկոհամակարգի զարգացման հիմնական ուղղություններին։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office