Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում է

04 Սեպտեմբերի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Լեհաստանի Հանրապետությունում է։

Այցի շրջանակում սեպտեմբերի 3-ին Գլխավոր հանձնակատարը հանդիպում է ունեցել Զաբժե քաղաքի քաղաքապետ Կամիլ Զբիկովսկու (Kamil Żbikowski) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանի կառավարության և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովի անդամ, Լեհաստանում (Սիլեզիա) Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական պատմական և մշակութային ամուր կապերի զարգացման, Սիլեզիայի մարզում և մասնավորապես Զաբժե քաղաքում հայ համայնքի ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Կողմերն առանձնահատուկ կարևորել են նաև Զաբժեի և Հայաստանի քաղաքների միջև քույր քաղաքների համագործակցության հաստատման հեռանկարը՝ այն դիտարկելով որպես երկկողմ կապերի խորացման արդյունավետ ուղղություն։

Հանդիպման ավարտին երկուստեք վերահաստատվել է պատրաստակամությունը զարգացնելու համատեղ ծրագրերը և առավել ամրապնդելու հայ-լեհական բարեկամական հարաբերությունները։ Գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Կամիլ Զբիկովսկուն՝ հայ համայնքի նախաձեռնություններին ցուցաբերվող շարունակական աջակցության և երկու ժողովուրդների միջև երկխոսության խթանման համար։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office