Զարեհ Սինանյանը, Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի ներկայացուցիչների հետ

04 Սեպտեմբերի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում, Լեհաստանի Հանրապետության կառավարության և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովի անդամ, Լեհաստանում (Սիլեզիա) ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի ուղեկցությամբ, աշխատանքային հանդիպում է ունեցել Լեհաստանի Սեյմի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը մասնակցել են Սեյմի մարշալի (Ազգային ժողովի նախագահի) ազգային և էթնիկ փոքրամասնությունների հարցերով խորհրդական Ռիշարդ Գալլան (Ryszard Galla) և Սեյմում Կառավարության ու ազգային և էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովի փոքրամասնությունների կողմի քարտուղարության ղեկավար Դորոտա Զելինսկա-Կոզարուվը (Dorota Zielińska-Kozarów)։

Քննարկման ընթացքում լեհ պաշտոնյաները ներկայացրել են իրենց գործունեությունն ու Լեհաստանում ազգային և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, պետական աջակցության և համայնքային զարգացման ուղղությամբ գործող մեխանիզմները։

Հանդիպման առանցքում են եղել Լեհաստանի հայ համայնքի պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև համայնքային կյանքի ակտիվացման և հայ-լեհական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Զարեհ Սինանյանը բարձր է գնահատել Լեհաստանի իշխանությունների հետևողական աջակցությունը հայ համայնքին՝ ընդգծելով, որ Հրաչյա Բոյաջյանի և լեհական օրենսդիր ու գործադիր մարմինների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը կարևոր հիմք է ստեղծում երկկողմ կապերի հետագա խորացման համար։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office