ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Լեհաստանում էր
07 Սեպտեմբերի 2026
Սեպտեմբերի 4-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Լեհաստանի Հանրապետության կառավարության և ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովի անդամ, Լեհաստանում (Սիլեզիա) ՀՀ պատվավոր հյուպատոս Հրաչյա Բոյաջյանի ուղեկցությամբ, աշխատանքային հանդիպում է ունեցել Սիլեզիայի վոևոդ (մարզպետ) Մարեկ Վույչիկի (Marek Wójcik) և Սիլեզիայի վոևոդության փոխմարշալ Յոաննա Բոյչուկի (Joanna Bojczuk) հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սիլեզիայի տարածաշրջանում հայ համայնքի ներգրավվածության, տեղական ինքնակառավարման մարմինների հետ գործընկերության ընդլայնման և երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր։
Քննարկումների առանցքում են եղել համատեղ մշակութային, կրթական և հասարակական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել է հայ համայնքին ցուցաբերվող շարունակական աջակցությունը և համայնքային կյանքի ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը։
Մարեկ Վույչիկը և Յոաննա Բոյչուկը բարձր են գնահատել Լեհաստանի հայկական մշակութային փառատոնը, որն անցկացվում է Հրաչյա Բոյաջյանի և նրա հիմնադրած Հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ՝ այն համարելով տարածաշրջանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը։
Հանդիպման ընթացքում առանձնահատուկ անդրադարձ է կատարվել նաև Հայկական թանգարանի ստեղծման նախաձեռնությանը, որը Հրաչյա Բոյաջյանի նախաձեռնությամբ կգործի Հայկական ինստիտուտի կազմում։ Նախատեսվում է, որ թանգարանում կներկայացվեն հայկական ավանդական գորգեր, տարազներ և պատմամշակութային այլ արժեքներ՝ նպաստելով հայկական ժառանգության պահպանմանն ու ներկայացմանը Լեհաստանում։
Սիլեզիայի մարզային իշխանությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել լիարժեք աջակցություն ցուցաբերել թանգարանի հիմնադրման և հետագա գործունեության իրականացման գործում։
Պաշտոնական հանդիպումից հետո Գլխավոր հանձնակատարը վոևոդ Մարեկ Վույչիկի հետ շրջել է Սիլեզիայի վոևոդության սեյմիկի (մարզային խորհրդի) պատմական շենքում՝ ծանոթանալով կառույցի հարուստ պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին ու գործունեությանը։