ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ամփոփել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2026–2027 թվականների Հայաստանյան շրջափուլը

07 Սեպտեմբերի 2026

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ամփոփել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2026–2027 թվականների Հայաստանյան շրջափուլը, որին մասնակցել են 29 սփյուռքահայ երիտասարդներ աշխարհի 17 երկրից։

Ծրագրի շրջանակում մասնակիցները Հայաստանում անցկացրին 13 հագեցած օր՝ ներգրավվելով հատուկ մշակված ուսումնական ծրագրում, որը ներառել է թե՛ տեսական, և թե՛ գործնական բաղադրիչներ՝ դասախոսություններ, աշխատաժողովներ, փորձի փոխանակման միջոցառումներ և տարբեր ոլորտների մասնագետների հետ հանդիպումներ։

Երիտասարդ դեսպաններն այցելել են պետական կառույցներ, գիտակրթական, մշակութային ու հոգևոր հաստատություններ, ինչպես նաև ազգային հիշատակի վայրեր և ՀՀ մարզեր։ Դասընթացի ավարտից հետո նրանք մեկ տարի շարունակ իրենց համայնքներում կիրականացնեն ծրագրով նախատեսված աշխատանքներ՝ նպաստելով համայնքային կյանքի ակտիվացմանը։

Ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը ելույթի խոսքով հանդես են եկել ծրագրի ղեկավար Լիլի Խաչատրյանը, դասախոս Արտակ Շաքարյանը, ծրագրի շրջանավարտ և G2iA կազմակերպության քարտուղար Սիլվա Սահակյանը, ինչպես նաև ծրագրի մասնակիցները։

Իր ելույթում Լիլի Խաչատրյանը նշել է, որ Հայաստանյան դասընթացը եղել է արդյունավետ, բովանդակալից և համագործակցային՝ վստահություն հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքներն ու կապերը կդառնան երիտասարդ դեսպանների համայնքային գործունեության և ապագա նախաձեռնությունների հաջող իրականացման կարևոր հիմքը։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office