ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում է
10 Սեպտեմբերի 2026
Այցի շրջանակում Գլխավոր հանձնակատարն Ալֆորվիլում այցելել է «Կայծ» մշակութային միություն և Հայ երիտասարդական կենտրոն, որտեղ հանդիպում է ունեցել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Ֆրանսիայի վարչության նախագահ Արմիկ Դաքեսյանի, վարչության անդամներ Գրիգոր Իշխանյանի և Սարո Մարտիրյանի, ինչպես նաև ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Գևորգ Սաչիլյանի հետ։
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են Ֆրանսիայի հայ համայնքի կյանքի, Հայաստան–Սփյուռք համագործակցության ընդլայնման, ինչպես նաև համայնքային կառույցների առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն առնչվող հարցեր։ Երկուստեք ընդգծվել է կազմակերպված և ակտիվ համայնքային կառույցների դերակատարությունը համահայկական օրակարգերի արդյունավետ առաջմղման և ազգային ինքնության պահպանման գործում։
Հանդիպումից հետո ՍԴՀԿ ներկայացուցիչների ուղեկցությամբ Զարեհ Սինանյանն այցելել է հայկական խաչքար և «Շառլ Ազնավուրի Եվրոպայի հրապարակ», որտեղ ծանոթացել է քաղաքի հայկական մշակութային ժառանգությանն ու հիշատակի հուշարձաններին։
Այնուհետև Գլխավոր հանձնակատարը մասնակցել է «Կայծ» մշակութային միության կազմակերպած մշակութային միջոցառմանը, որի ընթացքում ելույթ է ունեցել Մարինա Հովհաննիսյանի գլխավորած «Արևի շողեր – Տանիա Թութունջյան» մանկական խմբակը։
Միջոցառմանը ներկա էին Ալֆորվիլի փոխքաղաքապետեր Սարո Մարտիրյանը, Վիկտորյա Սիմոնյանը և Փիլիպ Կյաղը, ինչպես նաև մարզային խորհրդի անդամ Մուհամեդ Շիկուշը։
Ամփոփելով հանդիպումները՝ Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և բարձր գնահատել ՍԴՀԿ-ի, ինչպես նաև նրա քույր կառույցների երկարամյա ներդրումը հայապահպանության, համայնքային կյանքի ամրապնդման և Հայաստան–Սփյուռք գործակցության զարգացման գործում։