Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Լը Պլեսի-Ռոբանսոն քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքի ղեկավարության հետ
11 Սեպտեմբերի 2026
Սեպտեմբերի 11-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Լը Պլեսի-Ռոբանսոն քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքի ղեկավարության հետ։
Փոխքաղաքապետ Կորին Դյուգուեի ուղեկցությամբ Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել քաղաքում, ծանոթացել պատմությանը, մշակութային ժառանգությանը և քաղաքում իրականացվող ընթացիկ ծրագրերին։
Այնուհետև քաղաքի «Արվեստների տանը» (Maison des Arts) տեղի է ունեցել «Իլ-դը-Ֆրանս շրջանի հայկական սփյուռք» (ODARIF) կազմակերպության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառման ընթացքում Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի և շնորհավորական խոսքով՝ ընդգծելով նման կառույցների կարևոր դերը համայնքային կյանքի կազմակերպման, հայ ինքնության պահպանման և Ֆրանսիայի տարբեր համայնքների միջև համագործակցության ամրապնդման գործում։
Բացման արարողությանը հաջորդել է Լը Պլեսի-Ռոբանսոնի քաղաքապետարանի և ODARIF-ի միջև համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, որին քաղաքապետի հետ միասին մասնակցել է նաև Անտոնի-Բուլոն-Բիյանկուրի ենթաշրջանի փոխպրեֆեկտ Էմանուել Յիբոռան։
Այնուհետև նույն վայրում կայացել է հանդիպում-քննարկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ընթացիկ գործունեությունը, հայրենադարձության, երիտասարդական և մասնագիտական ներուժի ներգրավման ռազմավարական ծրագրերը, ինչպես նաև պատասխանել համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի՝ ծավալելով ակտիվ և բովանդակալից երկխոսություն։