Զարեհ Սինանյանն այցելել է Կլամարի Վահե Ֆաթթալի (Vahé Fattal) անվան մշակութային և կրթական կենտրոն
12 Սեպտեմբերի 2026
Սեպտեմբերի 12-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Կլամարի Վահե Ֆաթթալի (Vahé Fattal) անվան մշակութային և կրթական կենտրոն։
Այցին մասնակցել են նաև «Իլ-դը-Ֆրանս շրջանի հայկական սփյուռք» (ODARIF) կազմակերպության համանախագահներ Հայկ Շահբազյանը և Լևոն Ավդալյանը, ինչպես նաև Լիոնում և Գրանդ Էստի տարածաշրջանում Սփյուռքի գործերի հանձնակատարներ Ռոբերտ Տեր-Արսենյանն ու Անդրե Ներսիեն։
Կենտրոնում կայացել է աշխատանքային հանդիպում կենտրոնի ղեկավար Մարիաննա Աբրահամյանի և ղեկավարության հետ։ Քննարկման առանցքում էին Սփյուռքում հայոց լեզվի պահպանման, հայ երիտասարդներին ազգային արմատներին մոտ պահելու, ինչպես նաև նրանց համայնքային կյանքում ակտիվորեն ներգրավելու ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու մարտահրավերները։
Այցի ընթացքում Զարեհ Սինանյանը շրջել է կրթական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը, կրթական ծրագրերին և ուսումնակրթական պայմաններին։
Ներկայումս կենտրոնում անցկացվում է 16 տարբեր ուղղություններով կրթական դասընթաց:
Գլխավոր հանձնակատարը բարձր է գնահատել Կենտրոնի ծավալած գործունեությունը՝ ընդգծելով, որ նման կրթօջախները կարևոր դեր ունեն Սփյուռքում հայոց լեզվի պահպանման և ազգային ինքնության ամրապնդման գործում։