ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այցելել է Սևրի պատմական Սամուել Մուրատ հայկական վարժարան
13 Սեպտեմբերի 2026
Սեպտեմբերի 13-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Սևրի պատմական Սամուել Մուրատ հայկական վարժարան։
Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպել է վարժարանի նորանշանակ խորհրդի անդամներին, Ֆրանսիայի հայ կաթողիկե թեմի առաջնորդ Գերապայծառ Եղիա եպիսկոպոս Եղիայանին, հոգևոր դասի ներկայացուցիչներին, ինչպես նաև Սուրբ Խաչ կաթողիկե եկեղեցու՝ 2026 թվականի վերանորոգման գլխավոր բարերար Արա Ահարոնյանին։
Առանձնազրույցի ընթացքում Զարեհ Սինանյանն Արա Ահարոնյանի հետ քննարկել է վարժարանի պահպանմանն ուղղված ընթացիկ քայլերը և ապագային միտված հնարավոր ծրագրերը։
Գլխավոր հանձնակատարը խորին երախտագիտություն է հայտնել բարերարին և խորհրդի նոր կազմին՝ վարժարանի պահպանման և հետագա զարգացման գործում ներդրվող ջանքերի համար։
Նույն օրը Գլխավոր հանձնակատարը մասնակցել է Ֆրանսիայի հայ կաթողիկե թեմի կողմից կազմակերպված բացօթյա պատարագին, որն անցկացվել է Սամուել Մուրատ վարժարանի բակում։
Այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը շրջել է վարժարանի տարածքում և Մշակութային կենտրոնում։
Օրվա երկրորդ կեսին Լը Պլեսի-Ռոբանսոնում Զարեհ Սինանյանը մասնակցել է քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստանի օր» խորագրով մշակութային բաց ցուցադրություն-տոնավաճառին։
Միջոցառմանը մասնակցել են հարյուրավոր մարդիկ՝ հայ համայնքի ներկայացուցիչներ, ֆրանսիացիներ և պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Լը Պլեսի-Ռոբանսոնի քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկը և փոխքաղաքապետ Կորին Դյուգեն։
Գլխավոր հանձնակատարը շրջայց է կատարել ցուցադրության տարածքում, ծանոթացել ներկայացված հայկական արտադրանքին, ազգային խոհանոցին, ձեռագործ աշխատանքներին և մշակութային նախաձեռնություններին։
Այս տարի միջոցառմանը ներկայացված էր նաև Հայաստանից ժամանած M.A.M կրթական կառույցը։
Զարեհ Սինանյանը զրուցել է տաղավարների ներկայացուցիչների և միջոցառման հյուրերի հետ՝ բարձր գնահատելով նմանօրինակ նախաձեռնությունների կարևորությունը։ Նա ընդգծել է, որ նման միջոցառումները նպաստում են ֆրանսիական հասարակության շրջանում Հայաստանի և հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացմանը, միաժամանակ ստեղծում են նոր հնարավորություններ Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդման և համայնքային համագործակցության զարգացման համար։