Զարեհ Սինանյանն ընդունել է «Ռեգբիի համահայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության համանախագահներին

05 Հոկրեմբերի 2026

Հոկտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ընդունել է «Ռեգբիի համահայկական ֆեդերացիա» հասարակական կազմակերպության համանախագահներ՝ ֆրանսահայ Նիկոլա Անսելինին և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ռեգբիի զարգացմանն ուղղված կազմակերպության առաջիկա ծրագրերը և դրանց իրականացման գործում սփյուռքի ներուժի արդյունավետ ներգրավման հնարավորությունները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել սփյուռքում գործող հայկական համայնքների, մարզիկների, մարզիչների և ռեգբիի ոլորտի մասնագետների հետ կապերի ընդլայնմանը, Հայաստանի ազգային հավաքականների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև 2027 թվականին նախատեսվող միջոցառումների շրջանակում ռեգբիի զարգացման և հանրայնացման հնարավորություններին։

Կողմերը քննարկել են նաև «Lions Yerevan» ռեգբիի ակումբի զարգացման ծրագրերը, միջազգային թիմերի հետ համագործակցության և ընկերական հանդիպումների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև 2026-2028 թվականների համար համագործակցության առաջնահերթությունները և հետագա քայլերը։

Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի համանախագահներին՝ Հայաստան այցելելու և ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքը շարունակելու համար։ Գլխավոր հանձնակատարը հոկտեմբերի 4-ին «Փյունիկ» մարզադաշտում ներկա էր գտնվել «Lions Yerevan»-ի և Իրանի ռեգբիի թիմի միջև կայացած հանդիպմանը: Նա ընդգծել է նման միջոցառումների կարևորությունը Հայաստանում ռեգբիի նկատմամբ հետաքրքրության խթանման և մարզաձևի զարգացման տեսանկյունից։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office