Զարեհ Սինանյանը մասնակցեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին
06 Մարտի 2020
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: Հանձնակատարը նախ ողջունեց Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին պատրիարք ընտրվելուց հետո առաջին անգամ ժողովին մասնակցելու առթիվ՝ ուղղելով իր բարեմաղթանքները և պոլսահայության հոգևոր կյանքին ցանկանալով խաղաղություն ու նոր թափով զարթոնք: Այնուհետ Զարեհ Սինանյանը հանդես եկավ «Հայաստան-սփյուռք հարաբերությունների զարգացման նոր տեսլականը և այն իրագործելու ճանապարհին Հայ առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությունը» խորագրով զեկուցմամբ: Հանձնակատարը նախ ներկայացրեց սփյուռքի հետ աշխատանքի նոր ուղղությունները, գրասենյակի ծրագրերը, հիմնական գործառույթները, ապա անդրադարձ կատարեց սփյուռքում Հայ առաքելական եկեղեցու դերակատարությանը: «Գրասենյակի ծրագրերում մենք առանձնակի կարևորում ենք Հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցությունը: Մեր թեմերը և հայ եկեղեցին սփյուռքում անուրանալի աշխատանք են իրականացնում, և իմ այցերի ընթացքում ես բազմիցս եմ տեսել համայնքի կուռ համախմբվածությունը եկեղեցու շուրջ»,-իր ելույթում ընդգծեց Զարեհ Սինանյանը: Այնուհետև ներկաները հանձնակատարին ուղղեցին իրենց հարցերն ու առաջարկները: