Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը
29 Մարտի 2020
Արդեն քանի ժամ է՝ ֆրանսիական ամենահեղինակավոր լրատվամիջոցները գուժում են՝ Կորոնավիրուսից մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ, Օ-Դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը: Մեծանուն հայի հարազատներին, ընկերներին, գործընկերներին, ֆրանսահայությանն իր ցավակցություններն է ուղղել Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Ցավակցական նամակում հանձնակատարը մասնավորապս նշել է, որ Պատրիկ Դևեջյանը Հայաստան-Ֆրանսիա բարեկամության, երկու երկների եղբայրական հարաբերությունների խորհրդանիշներից մեկն էր, մարդ, ում ամբողջ կյանքը նման էր հայկականության ու հայրենիքի շահերի պաշտպանության համար ապրած մի ճանապարհի: «Ե՛վ որպես եզակի պրոֆեսիոնալիզմով իրավաբան, և՛ որպես քաղաքապետ, և՛ որպես նախարար ու դեպարտամենտի խորհրդի նախագահ՝ նրա առաքելությունը մեկն էր. Հայ Դատի պաշտպանություն, Հայաստան և Ֆրանսիա երկրների առաջընթաց ու զարգացում: Գործընկերները հաճախ էին նրան բնութագրում իբրև երկու հնագույն բարձր քաղաքակրթությունների յուրահատուկ համակցություն: Անուրանալի է Պատրիկ Դևեջյանի ավանդը մարդու իրավունքների պաշտպանության, Հայոց ցեղասպանության և ընդհանրապես ցեղասպանությունների ու ժխտողականության դեմ պայքարում»,-գրել է Զարեհ Սինանյանը: Հանձնակատարը նաև վստահություն է հայտնել, որ նրա կերպարը սերունդների համար դառնալու է օրինակ և ուղեցույց՝ աշխարհի որ ծայրում էլ լինելու դեպքում հայրենիքը սրտում և հոգում պահելու համար: