Առցանց հանդիպում «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորների հետ
08 Ապրիլի 2020
Ապրիլի 8-ին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում ունեցավ «Դեպի Հայք» հիմնադրամի կամավորների հետ, որի ընթացքում հանձնակատարը մանրամասն ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները, սփյուռքի հետ գործակցության նոր ռազմավարությունը: Սփյուռքը միայն ֆինանսական ռեսուրսների և բարեգործության աղբյուր դիտարելու անցյալի քաղաքականությունից այժմ անցում է կատարվել «երկկողմանի փողոցի» տրամաբանությանը, երբ համագործակցությունը հիմնված է փոխշահավետության, փոխվստահության և համատեղ աշխատանքի վրա:
Չնայած Կորոնավիրուսի համաճարակն անորոշություն է ստեղծել ծրագրերի իրականացման ժամկետների առումով, Գլխավոր հանձնակատարն ընդգծեց՝ ընդհանուր նպատակները փոփոխության չեն ենթարկվել: Օրակարգային են մնում սփյուռքի առավելագույն ներգրավումը հայաստանյան կյանքում, զանգվածային հայրենադարձության գործընթացի ընդլայման խրախուսումը և պայմանների ստեղծումը, ներդրումային դաշտում առկա խոչընդոտների վերացումը:
Հանդիպմանը մասնակցում էին կամավորներ տարբեր երկրներից՝ Արգենտինա, Ուկրաինա, Ուրուգվայ, Լիբանան, Ռուսաստան, ԱՄՆ և այլն: Զարեհ Սինանյանը հատկապես կարևորեց համայնքային այցերի միջոցով սփյուռքի տարբեր շերտերի հետ ծանոթությունն ու ճանաչողությունը: Այնուհետ հանդիպումն ընթացավ հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում անկեղծ և կառուցողական մթնոլորտում քննարկվեցին մի շարք խնդիրներ: Զարեհ Սինանյանը խոսեց նաև իր անձնական փորձառության և հայրենիք վերադառնալու ու նոր հանձնառություն ստանձնելու մասին:
Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարը և գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը մեկ անգամ ևս ընդգծեցին, որ մշտապես պատրաստ են աշխատել «Դեպի Հայք»-ի կամավորների հետ, խրախուսեցին նրանց մասնակցել «իԳործ» ծրագրին և հույս հայտնեցին, որ մոտ ապագայում համագործակցելու բազմաթիվ առիթներ կլինեն: