Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին
29 Հուլիսի 2020
«ՍիվիլՆեթ»-ի հետ զրույցում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը անդրադարձ է կատարել վերջին շրջանում սփյուռքի տարբեր համայնքներում ադրբեջանական ագրեսիվ գործողություններին և կատարել մի շարք կարևոր շեշտադրումներ.
- Այսօր մեր կամքից անկախ՝ ադրբեջանցիներն ու թուրքերը սփյուռքին հիշեցնում են, որ իրոք սփյուռքն ու Հայաստանը մեկ ընդհանրություն են: Ադրբեջանն իր անճարակությունից դրդված դիմել է նման գործողությունների 3-րդ պետությունների տարածքում: Սա ինքնավստահության խորը պակասի, հիասթափության և թուլության նշան է Ադրբեջանի կողմից:
- Ռուսաստանում ադրբեջանական ագրեսիվ գործողությունների առաջին մեկ ժամում միանգամից կապ եմ հաստատել տեղի համայնքային կառույցների, անհատների հետ, ամբողջ ընթացքում հետևել եմ, վերլուծել, թե ինչպես կարելի է կանխել իրավիճակն առանց խորացման: Իհարկե, յուրաքանչյուրն ունի ինքնապաշտպանվելու իրավունք, սակայն մենք չենք կարող լինել նախահարձակ, ագրեսոր և չենք կարող իջնել նրանց մակարդակին: Աշխատել եմ նաև Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հետ, նրա հետ պահպանվել է մշտական կապ: Նույն կերպ կապ է հաստատվել Ուկրաինայի, եվրոպական պետությունների պարագայում: Այս պահին կապի մեջ եմ նաև Վրաստանի, Թուրքիայի մեր հայրենակիցների հետ:
- Իրավիճակն այժմ վերահսկելի է: Պետք է շարունակենք զսպվածության, կազմակերպվածության կոչեր անել, համագործակցել տեղի իշխանությունների հետ, որպեսզի նման գործողությունները հնարավորինս սահմանափակվեն:
- Քանի դեռ մենք ամուր ենք Հայաստան-Ադրբեջան սահմանին, դրա մեջ մտնում է նաև արցախյան սահմանային մասը, քանի դեռ մենք կարողանում ենք ադրբեջանցիներին զսպել, պատժել, բնական է, որ մենք պետք է պատրաստ լինենք դրա հետևանքներին, ադրբեջանական ագրեսիային ամենուրեք, ներառյալ սփյուռքում: