Հարյուրավոր սփյուռքահայ երիտասարդների համար մեկնարկեց «Քայլ դեպի տուն» առցանց ծրագիրը

03 Օգոստոսի 2020

Չնայած փակ սահմաններին՝ սփյուռքի երիտասարդության հետ կապը չի ընդհատվել: ՀՀ կառավարությունը, ի դեմս Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, հատուկ սփյուռքահայ պատանիների համար մշակել է ամառային հետաքրքիր առցանց ծրագիր, որի բացումը տեղի ունեցավ օգոստոսի 3-ին:

Ուսումնաճանաչողական առցանց ծրագրին մասնակցում են ավելի քան 250 սփյուռքահայ երիտասարդներ աշխարհի 30 երկրներից: Ծրագիրն իրականացվում է «Դասավանդի՛ր, Հայաստան»  (Teach for Armenia) կրթական հիմնադրամի հետ համատեղ: Գործընկերն է ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը:

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը: «Այս տարի որոշեցինք հայրենիքը բերել ձեր տուն, քանի որ չցանկացանք համավարակի պատճառով չեղարկել ծրագիրը: Ինչու՞ ենք անում այս ամենը: Որովհետև նախևառաջ Հայաստանը ձեր տունն է, և մենք ուզում ենք, որ դուք այն ճանաչեք մոտիկից, և ապագայում, ինչպես ես արեցի, միգուցե դուք էլ մեկ օր գաք Հայաստան՝ որպես կամավոր, ուսանող կամ աշխատելու մտադրությամբ: Շատ տարբեր ու հետաքրքիր ճանապարհներով կարող եք գալ Հայաստան, սակայն այս ծրագիրն առաջին քայլն է»,-նշեց Սառա Անջարգոլյանը:

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ուսումնառության և նորարարությունների գծով տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ընդգծեց ծրագրի հիմքում դրված տան գաղափարը: «Իմացեք, որ դուք տանն եք, և մենք ձեզ շատ էինք սպասում»,-շեշտեց նա:

Ելույթ ունեցավ նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալասարանի հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը:

Այնուհետև իրենց սպասելիքների մասին խոսեցին ծրագրի մասնակիցները և ծանոթացան ուսուցիչների հետ:

Բացման արարողության ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ ֆրանսահայ երգիչ Հակոբ Ղասաբյանը:

«Քայլ դեպի տուն»-ը սփյուռքի 12-18 տարեկան պատանիների և երիտասարդների համար կանցկացվի մինչ օգոստոսի 28-ը՝ 2 փուլով: Ծրագիրը ներառում է հայոց լեզվի, պատմաճանաչողության դասընթացներ, վիրտուալ այցեր, ինտերակտիվ քննարկումներ, բանավեճի ակումբ, առցանց կրթական խաղեր, հանդիպումներ պետական և հանրային գործիչների, մշակույթի, արվեստի ներկայացուցիչների, նախորդ տարվա մասնակիցների հետ, աշխատարաններ և համայնքային նախագծեր:

 

 

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office