Ադրբեջանի սադրած պատերազմը շարունակվում է. օր 3-րդ
29 Սեպտեմբերի 2020
Տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։
Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։
Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ։ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։
Հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:
Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ: Այս պահին պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ:
Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ: Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ: Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ:
Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:
Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա։