Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակումից անցել է 19 օր

15 Հոկրեմբերի 2020

Հայ ժողովուրդը համախմբվել է Արցախի միջազգային ճանաչման և Հայաստանի ու Արցախի հանդեպ ահաբեկչության պայքարի դեպ։ Միջազգային հանրությունն արդեն ընդունել և ապացուցել է, որ Թուրքիան արցախա-ադրբեջանական սահմանին է տեղակայել Սիրիայից և Լիբիայից բերված հազարավոր ահաբեկիչների և վարձկանների:

Արցախի պաշտպանության բանակի տվյալների համաձայն հոկտեմբերի 15-ի դրությամբ Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների թիվը հասել է 604-ի։ Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է:

19 օրերի ընթացքում հակառակորդը կոպտորեն խախտում է սովորութային և միջազգային մարդասիրական իրավունքը՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, բնակելի վայրերը, ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտները, եկեղեցիները, մշակույթի կենտրոնները, հիվանդանոցները, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք։

Ադրբեջանական կողմի ռազմական հանցագործությունները շարունակվում են։ Այսօր համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ադրբեջանցի զինծառայողներ ծայրահեղ դաժանությամբ նվաստացնում և սպանում են 2 հայ ռազմագերիների, որոնցից մեկը տարեց քաղաքացիական անձ է։

Հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի ղեկավարությունը հաստատել է, որ հրթիռակոծել է Հայաստանի Հանրապետության տարածքը, ինչի արդյունքում կա վիրավոր անչափահաս քաղաքացի։

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արձանագրված մարդասիրական հրադադարը այդպես էլ ուժի մեջ չմտավ, քանի որ հակառակորդը ակնհայտ չի դադարում հարձակում կատարել ինչպես արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, այնպես էլ ռմբակոծել սահմանից հեռու գտնվող քաղաքներն ու գյուղերը։ Արցախում 24000-ից ավելի երեխաներ զրկված են դպրոց հաճախելու իրավունքից։ Ստեփանակերտի, Շուշիի և սահմանային գյուղերի բնակիչները ստիպված են օրվա մեծ մասն անցկացնել ստորգետնյա ապաստարաններում։

Սփյուռքն այս օրերին համախմբվել է հայրենիքին ամուր թիկունք դառնալու միտումով։ 24-ժամյա ձևաչափով աշխատանքների արդյունքում շարունակվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքը, ինչպես նաև տարբեր երկրներից օդային և ցամաքային միջոցներով հումանիտար օգնության կազմակերպումը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, դիմելով ամբողջ աշխարհի հայերին, կոչ են արել համախմբվել, պայքարել մեր ազգի գոյության համար։

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office