Պատերազմական իրավիճակը շաբաթավերջին
25 Հոկրեմբերի 2020
Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը:
Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի ուղղությամբ:
Ընդ որում, թշնամական ուժերը նշանառության տակ են վերցրել ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլև այդ համայնքների հարակից տարածքները՝ անտառներով ու գյուղատնտեսական նշանակության դաշտավայրերով:
Նշված բնակավայրերում ռազմական որևէ օբյեկտ չկա:
Քաղաքացիական շրջանում կորուստներ և տուժածներ չունենք:
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:
Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները:
Օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։
Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։
Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։
Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։
Մարդկային կորուստներ չկան։
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:
Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով: